ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

«Մարդը կարող է երկիրը լքել աղքատությունից ունեցած վախից, որ մի օր աղքատ չդառնա»

«Մարդը կարող է երկիրը լքել աղքատությունից ունեցած վախից, որ մի օր աղքատ չդառնա»
17.10.2013 | 16:00

Այսօր Աղքատության համաշխարհային օրն է: Թե ինչպես է աղքատության շեմին հայտնված հայ մարդն ընկալում, հաղթահարում աղքատությունը, բացատրում է հոգեբան Կարինե ՆԱԼՉԱՋՅԱՆԸ, ում խոսքով աղքատությունը նախևառաջ հոգեբանական խնդիր է: «Աղքատ մարդ, աղքատ հասարակություն, աղքատ պետություն: Սա նորմալ է: Եվ պատահական չէ, որ հոգեբանական խնդիրներ են առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր գիտակցում են, որ աղքատ են: Այստեղ շատ կարևոր է բևեռացման խնդիրը: Այն հասարակությունը, որտեղ կա սոցիալական բևեռացում` աղքատներ և հարուստներ, առաջանում են հուզական և վարքային դրսևորումներ: Աղքատները և հարուստները իրար մեծ մասամբ չեն սիրում, և այնտեղ, որտեղ կա բևեռացում, ձևավորվում է իրար չընդունելու և չհանդուժելու զգացումը»,-ասաց բանախոսը: Նա ընդգծեց, որ գոյություն ունի մի կարևոր հանգամանք, երբ ընդունված է, որ չունևոր մարդը միշտ պիտի ագրեսիվ լինի. «Այստեղ արդարության հարցն է բարձրանում: Մարդիկ բավականին հանգիստ և թեթև են տանում տվյալ մարդու հարուստ լինելու փաստը, եթե վստահ են, որ նրա հարստությունը ձեռք է բերվել արդար ճանապարհով, իսկ եթե այդ հարստությունը ձեռք է բերվել անազնիվ ճանապարհով , այստեղ անհանդուրժողականությունը ավելի ուժեղ է արտահայտվում»,-մանրամասնեց նա:

Հոգեբանի ներկայացմամբ, աղքատության մեջ խոցելի են հատկապես երեխաները: Աղքատ միջավայրում մեծացած երեխան թերարժեքության զգացողություն է միշտ ունենում, և այն կարող է ամբողջ կայնքում հետապնդել նրան: Հարուստ մարդը շատ հանգիստ է զգում իրեն, երբ գիտի, որ ազնիվ ճանապարհով է ձեռք բերել իր հարստությունը, իսկ այն հարուստները, ովքեր ժլատ են, գծուծ, նախանձ վաստակում են «չտես» պիտակը: Չտեսության դրսևորում է, երբ տվյալ մարդը ամեն առիթով ցուցադրում է իր գրպանի փողը, այսինքն` կարիք ունի ինքնահաստատման:

Ըստ հոգեբանի, աղքատությունը նաև սթրեսային գործոն է և աղքատության շեմին հայտնված շատ մարդիկ ապրում են ինքնախաբեությամբ` «Թեև չունեմ, բայց գլուխս հանգիստ եմ դնում բարձին…»: Կ. Նալչաջյանը կարծում է, որ ինքնախաբեության այս ձևը նորմալ է, այն շատ դեպքերում նույնիսկ օգնում է:

Ըստ բանախոսի, երկիրը լքելը, արտագաղթը նույնպես աղքատության հետևանք է: «Կա մեկ ուրիշ զգացում` աղքատ չես, բայց վախենում ես աղքատանալ: Այս մարդիկ սիրում են կուտակել, բայց չծախսել: Մարդը կարող է երկիրը լքել աղքատությունից ունեցած վախից, որ մի օր աղքատ չդառնա: Դա շատ լուրջ պատճառ է, որը ստիպում է նման քայլերի դիմել»,-ասաց Նալչաջյանը` նշելով, որ աղքատությունը կարող է հանգեցնել խռովությունների, հարձակումների, ընդհուպ մինչև կյանքի իմաստը կորցնելուն:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2341

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ